Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Աշուղ Վերդիի «Տղերք, էսօր քէֆ ենք անում» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (123)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք աշուղ Վերդիի «Տղերք, էսօր քէֆ ենք անում» երգը։

Աշուղ Վերդին ծնուել է 1884 թուականին Երեւանի գաւառի Ղըռ-Բզովանդ գիւղում։ Նրա իսկական անունը Գեղամ Թարվերդեան է, եւ իր ազգանուան երկրորդ կէսից էլ ստացել է Վերդի աշուղական անունը։ Նա սովորել է Դուինի ռուսական դպրոցում։ Գեղամ Թարվերդեանի ջանքերով է Թոխմախան գիւղում հիմնադրուել Հայաստանի առաջին թռչնաբուծական ֆերման։

Նա, աշխատանքի բերումով շրջագայելով Հայաստանի տարբեր բնակավայրերում, գրի է առել ժողովրդական, բանահիւսական եւ աշուղական երգեր։ 1934 թուականից աշխատել է Հայաստանի կուլտուրայի պատմութեան (այժմ՝ Եղիշէ Չարենցի անուան պատմութեան եւ արուեստի) ինստիտուտում՝ որպէս բանահաւաք։ Նրա հաւաքած ու գրառած նիւթերի հիման վրայ կազմուել են մի շարք ժողովածուներ, այդ թւում՝ «Հայ աշուղներ»-ը (1937 թ․)։

Բացի այս ամէնից, նա նաեւ հանդէս է եկել որպէս աշուղ՝ յօրինելով իր սեփական ու ինքնատիպ երգերը, որոնցից ծանօթանալու ենք «Տղերք, էսօր քէֆ ենք անում» երգին։ Դրա խօսքերն ու երաժշտութիւնն ընդգրկուած են Ալինա Փահլեւանեանի և Արուսեակ Սահակեանի կազմած ժողովրդական երգերի «Թալին» ժողովածուի մէջ, ինչը նշանակում է, որ այն տարածուած է եղել Թալինում եւ յաճախ է երգուել տարբեր հաւաքոյթների ու խնջոյքների ժամանակ։

Այս երգն ունի կատակային բնոյթ։ Նրանում աշուղ Վերդին խնջոյքի է կանչում իր բոլոր ընկերներին, եւ ձայն է տալիս, թէ սազանդարը՝ նուագածուներին բերէ՛ք Շուշիից, իսկ խնջոյքի սեղանի առատութիւնն ապահովելու համար գինին, թանն ու տարբեր համեղ կերակուրները, մրգերն ու բանջարեղէնը՝ Հայաստանի ու հարակից տարբեր բնակավայրերից․ Մուսալեռից՝ հերիսան, Վերին Ախտայից՝ գառը, Դարալագեազից՝ պանիրը, Աշտարակից՝ նուռը, Արթիկից՝ գէր երինջը եւ այլն։

Իսկ ո՞րն է այստեղ կատակը․ բանն այն է, որ այս երգը յօրինուել է շուրջ 1930-ականներին եւ կենցաղում յաճախ երգուել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ, այսինքն Հայաստանի եւ տեղի հայութեան համար մի այնպիսի բարդ ժամանակներում, երբ Առաջին աշխարհամարտից ու ցեղասպանութիւնից յետոյ ամէն առումով հիւծուած հայութիւնը դեռ ծանր տարիներ էր ապրում Հայաստանում, եւ խնջոյքի համար ճոխ սեղան գցելը անհնար բան էր աշխատաւոր մարդու համար։ Մինչդեռ խնջոյքի հրաւիրողը հեգնում է, թէ «մենք ի՞նչ դարդ ունենք, եկէք քէֆ անենք»։ Եւ այդքան համեղ ուտելիքները թուարկելուց յետոյ, երգի վերջում մի կին ծաղրաբար հարցնում է․ «Էդ իշտայիդ (ախորժակիդ) էլ ի՞նչ բերենք», այսինքն՝ «այս նեղութիւնների մէջ դու, որ այդպիսի ախորժակ ունես, է՞լ ինչ կ’ուզէիր»։

Աշուղ Վերդիի «Տղերք, քէֆ ենք անում» երգը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ։ Մշակումը՝ Դանիէլ Երաժիշտի։ Մենակատարներ՝ Արզաս Ոսկանեան, Արմէնուհի Սեյրանեան, Մարի Յովսեփեան։ Գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Դանիէլ Երաժիշտ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

07/12/2025, 07:49